«Ես» նախագիծ. Իմ անվան պատմությունը

2․2 դասարանի սովորողները շարունակում են հավեսով իրականացնել «Ես» ուսումնական նախագիծը, այս անգամ կարող եք կարդալ նրանց գեղեցիկ ու հետաքրքիր անունների պատմությունները․․․

Անուններ

Դանիել Բարոյան
Ես Դանիելն եմ։ Իմ անունը ընտրել են մայրիկս և հայրիկս։ Դանիելը ժամանակակից անուն է։ Ես շատ եմ սիրում իմ անունը։ Դանիել անունը եբրայական ծագում ունի, որը թարգմանաբար նշանակում է «Աստված է իմ դատավորը»։ Սերում է աստվածաշնչյան Դանիել մարգարեից։

Գևորգ Ավետիսյան
Ողջու՛յն, ես Գևորգն եմ։ Իմ անունը ընտրել են ծնողներս, դա իմ մեծ պապիկի անունն է։ Հայրիկս ասում է, որ պապիկս շատ ուժեղ և խելացի մարդ է եղել, ես եղել եմ պապիկիս գրադարանում, դա կախարդական վայր է։ Ես կրում եմ քաջ Գևորգ Մարզպետունու անունը։ Գևորգ անունը հունարենից թարգմանաբար նշանակում է երկրագործ, նաև երկրաբան։ Ես սիրում եմ իմ անունը։

Վան Բաղդասարյան
Իմ անունը ծնողներս դրել են ի պատիվ իմ պապիկի։ Ես սիրում եմ իմ անունը, կարծում եմ շատ հայեցի է և գեղեցիկ։ Վանը հայոց մայրաքաղաքներից մեկի անունն է ։ Երբ մեծանամ, իմ ծնողների հետ գնալու եմ տեսնեմ Վան քաղաքը, Վանա լիճը։

Արևիկ Ներսիսյան
Բարև՛ ձեզ, իմ անունը Արևիկ է։ Անունս հայրիկս է դրել։ Արևը մեր տիեզերքի ամենաջերմ մոլորակն է, որը միշտ ջերմացնում է մեզ իր շողերով։ Ես նույնպես ջերմություն եմ փոխանցում։

Դավիթ Մարտիրոսյան
Իմ անունը Դավիթ է։ Այն որոշել է իմ հայրիկը։ Դավիթ անունը առաջացել է եբրայերեն «David» անունից, որը նշանակում է գեղեցկատեսիլ կամ սիրելի։ Իմ անունից ունի նաև հայտնի հայ հերոս Սասունցի Դավիթը, ում ես շատ կուզեմ նմանվել։ Ես շատ եմ սիրում իմ անունը։

Լևոն Դավթյան
Իմ անունն ընտրել են իմ ծնվելու օրը՝ հայրս ու մայրս: Իմ անունը ծագում է հունարենից, այն տարածված անուն է, գրեթե բոլոր լեզուներով այն նշանակում է առյուծ: Բնութագրվում է որպես ակտիվ, ուշադիր անձնավորություն:

Գայանե Դանիելյան
Իմ անունը Գայանե է, ծնողներս ինձ տվեցին այդ անունը, նրանք ինձ անվանեցին տատիկիս անունով։ Ես գիտեմ, որ Գայանե անունը թարգմանաբար նշանակում է տուն, ընտանիք։ Գիտեմ նաև, որ Հայաստանում կա Սուրբ Գայանե եկեղեցի։ Ես իսկապես սիրում եմ իմ անունը։ Ես հպարտ եմ, որ իմ տատիկի անունն եմ կրում։

Անի Այվազյան
Իմ անունը Անի է։ Իմ անունը ընտրել է մայրիկս։ Ես շատ եմ սիրում իմ անունը։ Անին հնագույն հայկական քաղաքներից մեկի անվանումն է։ Անին միջնադարյան հայկական ավերված բերդաքաղաք է։ Այն այժմ գտնվում է Թուրքիայի տարածքում՝ Արևմտյան Հայաստանում,Կարսի մարզում,Հայաստանի սահմանին։

Ամելիա Մխիթարյան
Իմ անունն ընտրել են ծնողներս՝ Ամելիա։ Ամերիկացի հայտնի գրող և օդաչուի անունն է։ Առաջին կինը, ով միայնակ հատեց Ատլանտյան օվկիանոսը։ Իսկ ես որոշել եմ դառնալ տիեզերագնաց։ Վստահ եմ, որ ինձ մոտ կստացվի։

Խաչիկ Միքայելյան
Բարև՛,ես Խաչիկն եմ: Անունս հայրիկիս հայրիկի անունն է: Նա արմատներով Թալինից էր: Ցավոք, մինչև ծնվելս նա մահացել է: Հորաքույրս պատմում է, որ Խաչիկ պապիկս բարի, աշխատասեր, ընկերասեր, բարեկամասեր մարդ է եղել, թոռնիկների հանդեպ էլ շատ հոգատար պապիկ: Շատ եմ ափսոսում, որ չտեսա նրան, մենք լավ ընկերներ կլինեինք: Մեծանալով ես էլ եմ պապիկիս պես լավ մարդ դառնալու:

Վիկ Աբրահամյան
Իմ անունը Վիկ է: Անվանս ընտրությունը կատարել են ծնողներս, երբ ես դեռ ծնված չէի: Վիկ անունն ունի հռոմեական ծագում, նշանակում է հաղթող: Վիկ անուն կրողները շփվող են, սրամիտ, շատախոս, զգուշավոր, խելացի, ազնիվ, ինչպես նաև մռայլ են, ինչ որ չափով՝ անհամարձակ և էմոցիոնալ: Հենց սրանով է պայմանավորված անվանս ընտրությունը, քանի որ ծնողներս ինձ հենց այդպիսին էին պատկերացնում, և գիտե՞ք, նրանք չեն էլ սխալվել: Ես շատ եմ սիրում իմ անունը: Ասեմ ավելին, մինչև այսօր Հայաստանում ես միակ Վիկն եմ:

Դիանա Բալյան
Իմ անունը ընտրել են հայրիկս և մայրիկս։ Իմ անվան նշանակությունը հետևյալն է․
Դիանան կանացի անձնանուն է, կապված է Դիանա աստվածուհու անվան հետ, ով հին հռոմեական դիցաբանությունում հիշատակվում է որպես լուսնի և որսի աստվածուհի։

Օֆելի Զեյնալյան
Իմ անունը Օֆելի է։ Ես կրում եմ Օֆելյա տատիկիս անունը, մի փոքր նորացված։ Օֆելի անունը Եվրոպական անուն է, որ եկել է գեղարվեստական գրականությունից՝ անցյալ դարի վերջում։ Օֆելի նշանակում է օգնական, աջակցող։

Արմեն Այվազյան
Իմ անունն է Արմեն։ Արմեն անունը շատ հին և շատ հանդիպող անուն է։ Որոշները ասում են, որ եկել է Հայաստան անունից, քանի որ հայերն իրենք են իրենց հայրենիքը անվանում Հայաստան, իսկ իրենք իրենց հայ։ Հայ պատմաբանները կարծում են, որ դա գալիս է Արմենյակի անունից, որը պատկանել է դիցաբանական սերնդի որդուն։ Հին հունարեն և պարսկերեն լեզուներում նշանակում է «Հայաստանի բնակիչ»։ Գերմաներենից թարգմանված նշանակում է ուժեղ մարդ, մարտիկ, մեծ։ Մի խոսքով, այս անվան տերը հպարտանալու շատ բան ունի։ Խարիզմատիկ է՝ հագեցած հարավային արևով և լեռնային օդով։

Դավիթ Հակոբյան
Անունս որոշել են հայրիկս և մայրիկս: Որոշել են Դավիթ՝ որպես գեղեցիկ և բոլոր լեզուներով հեշտ արտասանվող անուն: Ես սիրում եմ իմ անունը, որովհետև այն «Սասնա ծռեր» հայ ազգային էպոսի Սասունցի Դավիթ հերոսի անունն է, և այդ միտքն ինձ ուժ է տալիս: Դավիթը հին հրեական անուն է և նշանակում է սիրելի:

Դանիել Կյուրեղյան
Իմ անունը Դանիել է, ինձ անվանակոչել են հայրս և մայրս: Կրճատ ինձ դիմում են Դանի:
Դանիել անունը առաջացել է Աստվածաշնչից և տարածված է քրիստոնյա շատ ազգերի մեջ: Թարգմանաբար նշանակում է «Աստված է իմ դատավորը»: Ես սիրում եմ իմ անունը:

Էվա Խաչատրյան
Ողջո՛ւյն, ես Էվան եմ: Իմ անունը ընտրել են ծնողներս: Էվա անունը հիմնականում տարածված է Եվրոպայում: Մեր հայկական Եվա անվան ավելի ժամանակակից տարբերակն է: Էվա նշանակում է կենսական ուժ, արև: Ես շատ եմ սիրում իմ անունը և ուրախ եմ, որ ծնողներս հենց Էվա են ինձ կոչել։

Սերժ Հովհաննիսյան
Իմ անունը Սերժ է: Իմ անունը հայրս դրել է իմ Սերժիկ պապիկի պատվին: Ես շատ եմ սիրում իմ անունը: Ես հպարտ եմ, որ իմ անունը Սերժ է։

Ալեքսանդր Խաչատրյան

Իմ անունը Ալեքսանդր է: Անունս ընտրել է իմ պապիկը, հայրիկիս հայրիկը: Ալեքսանդրը հունական անուն է, որը նշանակում է պաշտպան կամ մարդկանց պաշտպան: Ալեքսանդր անունով շատ հռչակավոր և ուժեղ մարդիք են եղել պատմության մեջ, օրինակ մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը, գրողներ Ալեքսանդր Շիրվանզադեն, Ալեքսանդր Դյուման, կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը, ռուս հզոր կայսրեր են եղել Ալեքսանդր անունով և այլն: Պապիկս, ինձ տալով այս անունը, ցանկացել է, որ մեծանամ և դառնամ նրանց պես հայտնի և հաջողակ մարդ, և ես խոստացել եմ կատարել նրա երազանքը: Ի դեպ, հիմա Ալեքսանդր Խաչատրյան անուն-ազգանունով շատ հայտնի դերասան կա և ապրում է Հայաստանում: Տեսնես նա գիտի՞, որ Հայաստանում մի փոքրիկ տղա կա Էլի Ալեքսանդր Խաչատրյան անունով, որը միգուցե ապագա դերասան է:

Оставьте комментарий