Հորինուկ․ «Ծաղիկ, որը թռչել գիտեր․․․»

գայանե

Գայանե Դանիելյան
Լինում է, չի լինում, մի փոքրիկ ծիլ է լինում։ Մի անգամ նա տեսավ արևը երկնքում և մտածեց, թե ինչպես է ուզում նմանվել արևին։ Արևը նայեց վերևից, ժպտաց,և ծիլը դարձավ դեղին դանդելիոն։ Ամեն օր նա բոլորին ուրախացնում էր փոքրիկ արևի պես։ Բայց մի օր դանդելիոնը նայեց երկնքին և այնտեղ տեսավ ամպ, սպիտա՜կ-սպիտա՜կ, փափկամա՜զ-փափկամա՜զ։
-Երանի ես ամպի նման լինեի,-մտածեց դեղին դանդելը։ Ամպը նայեց ներքև, և դանդելիոնը վերածվեց թևթև, փոքրիկ սպիտակ ամպիկի՝ ոտքի վրա։ Բայց մի օր քամին փչեց, ամպը քանդվեց և վերածվեց շատ ու շատ փոքր բմբուլների,և նրանք թռան հեռու՜- հեռու՜․․․

Սերժ Հովհաննիսյան
Դաշտում ապրում էր մի գեղեցիկ ծաղիկ: Ծաղիկն ուներ կարմիր ծաղկաթերթիկներ, երկար ցողուն, կանաչ տերևներ: Այն շատ անուշ էր բուրում: Ոչ մի անցորդ անտարբեր չէր մնում ծաղիկի կողքով անցնելիս: Ծաղիկը նույնպես հիանում էր իրեն շրջապատող բնությամբ, բայց նրան շատ էր հետաքրքրում հեռուները: Մի օր սաստիկ քամի բարձրացավ: Քամին ծաղիկին պոկեց ու բարձրացրեց երկինք: Ծաղիկը կարծես թռչում էր: Թռչող ծաղիկը հասավ հեռուներ և հիացավ բնությամբ:

Դանիել Բարոյան
Լինում է, չի լինում, մի ծաղիկ է լինում։ Ծաղիկը աճում է և տեսնում, որ յոթ թերթիկ ունի։ Մի օր ծաղիկը հանդիպում է թիթեռին և իրեն թվում է, թե ինքն էլ է գունավոր թիթեռ։ Ծաղիկը շատ է ուզում թռչել, փորձում է, փորձում, բայց չի ստացվում, շատ է տխրում։ Թիթեռն ասում է․
-Ուզու՞մ ես ինձ հետ թռչել։
Ծաղիկն ուրախանում է և ասում․
-Այո՛։
Թիթեռը նստում է ծաղիկի վրա և միասին թռչում են։

Դանիել Կյուրեղյան
Լինում է, չի լինում, մի խատուտիկ։ Այս փոքրիկ խատուտիկը, առաջին հայացքից լինելով շատ փխրուն մի ծաղիկ, երազում էր թռչել: Նրա այդ երազանքը թվում էր որպես անհասանելի մի իղձ: Մի օր ուժեղ քամի է լինում և ցիրուցան է անում նրա թևավոր սերմերը: Խատուտիկի հիացմունքը անսահման էր, նա վեր խոյանալով՝ ճախրում էր: Ու ի՞նչն է ամենակարևորը, որ այս երազկոտ խատոուտիկի սերմերը դարձան հազարավոր այլ խատուտիկներ:

Ալեքսանդր Ավետիսյան
Պարտեզում մի չքնաղ ծաղիկ կար, որը տարբերվում էր բոլորից, նա ավելի բարձրահասակ էր և հպարտ կեցվածք ուներ։ Նա այնքան գեղեցիկ էր, որ բոլոր թիթեռները նրա վրա էին նստում։ Նրա հայացքն այնպիսին էր, կարծես նա ճախրում էր երկնքում, նա ասես թռչելիս լիներ, այդ պատճառով նա պարտեզում հայտնի էր «թռչող ծաղիկ» անունով։ Նա այնքան գեղեցիկ էր, որ նախանձ էր առաջացնում մյուս բոլոր ծաղիկիների մոտ։

Դավիթ Մարտիրոսյան
Լինում է, չի լինում, մի փոքրիկ դեղին ծաղիկ։ Նա ամբողջ օրը նայում էր երկնքին և երազում թռչունի պես թռչել։
Գալիս է ամառը։ Մի օր նա արթնանում է և տեսնում, որ դարձել է խատուտիկ։ Նա խնդրում է քամուն, որ փչի և խատուտիկը կարողանա թռչել երկինք։ Քամին համաձայնվում է և այնքան ուժեղ է փչում, որ խատուտիկը թռչում է շատ բարձր։ Խատուտիկը բարձրանում է երկինք և տեսնում ամբողջ աշխարհը։ Նա իրեն շատ երջանիկ է զգում, որ իր երազանքը վերջապես կատարվեց։

Օֆելի Զեյնալյան
Դաշտում ապրում էր մի կախարդական ծաղիկ, որը թռչել գիտեր։ Նա ամեն երեկո գնում էր ճամփորդության՝ աստղերի աշխարհ։ Երկնքում աստղային ներկայացում պետք է լիներ, այդ ամենը տեսնելու համար ծաղիկը իր հողից պոկվում և գնում էր ներկայացման փորձերը դիտելու։ Այս ամենը նկատելով՝ աստղերը ծաղկին խնդրեցին, որ նա էլ մասնակցի ներկայացմանը և էլ ավելի գեղեցկացնի իրենց բեմադրությունը։ Ծաղիկը սիրով համաձայնվում է և ներկայանում է «Ծաղիկ,որը թռչել գիտի» կերպարով։

Գևորգ Ավետիսյան
Ես գիտեմ մի շատ գեղեցիկ ծաղիկ, այդ ծաղկին անվանում են Խատուտիկ։ Երբ նա ծաղկում է, ունենում է դեղին գույն, բայց երբ շատ է մեծանում, կարծես դառնում է սպիտակ գույնի թիթեռնիկ, և քամին նրան քշում տանում է շատ հեռու։ Երբ քամին սերմերին քշում է հեռու, սերմերը ծլում են և ծնվում են նոր ծաղիկներ։
Դա իսկական կախարդանք է։

Էվա Խաչատրյան
Լինում է, չի լինում, մի կախարդական ծաղիկ է լինում: Նա այնքան տարօրինակ գույն ուներ, որ ոչ ոք իրեն չէր նկատում: Ամեն երեկո ծաղիկը թռչում էր բոլորի տանիքների վրայով և մտածում, թե ինչու իրեն ոչ ոք չի նկատում և չի տանում իրենց տուն:
Բայց մի օր մի փոքրիկ տղա, ով շատ էր սիրում գույնզգույն ծաղիկներ, անցնելով պարտեզի կողքով՝ անմիջապես նկատեց այդ ծաղիկը, որը տարբերվում էր բոլոր ծաղիկներից: Ծաղիկը պոկելուն պես ձեռքից դուրս թռավ և սկսեց թռչել: Տղան զարմացած նայում էր և սպասում, թե երբ ծաղիկը կգա իր ձեռքը: Ու կախարդական ծաղիկը ետ եկավ տղայի մոտ և սկսեց փայլել: Տղան ուրախ-ուրախ գնաց տուն և թռչող ծաղկին դրեց շատ գեղեցիկ ծաղկամանի մեջ ու պահեց իր սենյակում:

Լևոն Դավթյան
Ես, գարնան մի գեղեցիկ օր, գնացի մեր այգի, և հանկարծ քամի սկսվեց, ծաղիկները օդում թռչում էին․ կարծես պարում էին: Ես առաջին անգամ նկատեցի, որ ծաղիկները կարող են թռչել: Շատ գեղեցիկ տեսարան էր:

Վիկ Աբրահամյան
Մենք բոլորս տեսնում ենք մեր շուրջը գեղեցիկ, գույնզգույն, հոտավետ ծաղիկներ: Մենք խնամում ենք այդ ծաղիկները, ջրում ենք, նվիրում ենք, ինչու չէ, նաև նկարում ենք: Բայց երբ ես քնում եմ, այդ բոլոր ծաղիկները իմ երազում թռչում են, ինձ հետ պարում են, երգում ու խոսում: Գիտե՞ք, նրանք ինձ շնորհակալություն են հայտնում, որ ես իրենց ջրում եմ ու խնամում: Վերջին անգամ թռչող ծաղիկները ինձ հյուր են եկել իմ ծննդյան օրը: Նրանք ինձ շնորհավորեցին, ինձ համար երգեցին ու պարեցին: Նրանցից մեկը ինձ շատ դուր եկավ, շատ քնքուշ էր ու գեղեցիկ: Ես այդ ծաղիկն անվանեցի «Արինե»՝ իմ մայրիկի անունով:
Բոլորին ցանկանում եմ անուշ ու գունավոր երազներ։

Ալեքսանդր Խաչատրյան
Լինում է, չի լինում, մի ծաղիկ է լինում, որը երազում էր թռչելու մասին: Նա ուզում էր թռչել՝ ինչպես թռչյունները և հասնել ամպերին ու արևին, բայց արմատներով ամուր կպած էր հողին: Մի օր քամին տեսավ նրա թռչելու մեծ երազանքը և, պոկելով նրան, իր հետ վերև տարավ: Այդպես ծաղիկը քամու թևերին նստած թռչելով վերև բարձրացավ, ու դարձավ «Ծաղիկ, որը թռչել գիտեր»:

Արմեն Այվազյան

Լինում է, չի լինում, մի ծաղիկ է լինում։ Բայց նա սովորական ծաղիկ չէր, այդ թռչող ծաղիկը մանուշակն էր։ Նա շատ էր սիրում ճախրել կապույտ երկնքում և ուներ շատ թռչուն ընկերներ։ Մանուշակը երազում էր թռչել անծայրածիր հեռուներ և հասնել մի կախարդական աշխարհ, որտեղ բոլոր ծաղիկները նույնպես կկարողանային սավառնել օդում։

Ամելիա Մխիթարյան

Լինում է, չի լինում, մի փոքրիկ, ուրախ ծաղիկ է լինում՝ շատ գեղեցիկ մազերով։ Երբ նրա մազերը թռչվում էին քամուց, մյուս ծաղիկնրը բարի նախանձով էին նայում նրան։ Մի օր բոլորը նկատում են, որ նա մազեր չունի, և տխրում են, բայց շուտով շուրջը աճում են նմանատիպ ծաղիկներ։ Պարզվում է, որ դա նրա սերմերն են, և նրա անունը խատուտիկ է։

Оставьте комментарий